ԱԺ նախագահ. Սահմանադրության մեջ նախատեսվող որեւէ փոփոխություն նպատակ ունի ավելի ժողովրդավարական դարձնել կառավարման համակարգը

Armenpress 13:04, 5 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության  օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի  հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ:

Սահմանադրությունն իրավական հենքի վրա է դրել մեր զգացմունքներն ու այն արժեհամակարգը, որն ի բնե մեր մեջ է եղել անգամ պետականության բացակայության պայմաններում: Այն մեր պետականության կարեւորագույն եւ հիմնական իրավական վկայագիրն է: Եւ բոլորիս պարտքն է ՀՀ Սահմանադրությամբ հռչակված եւ նրա հիմքում ընկած արժեքներին վերաբերվել այնպես, ինչպես մեր պատմությանն ու երկրին:

20 տարի առաջ անկախ Հայաստանի Սահմանադրության ընդունումով քվեարկեցինք իրավական պետության, ժողովրդավարության եւ ազատության օգտին, ըստ էության, վերահաստատելով այն, ինչ հայտարարել էինք դրանից մի քանի տարի առաջ անցկացված անկախության հանրաքվեով: Իսկ սահմանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց փոփոխություններ կատարելով երկրի հիմնական օրենքում` ավելի հասունացած քաղաքացիական եւ քաղաքական գիտակցությամբ վերստին հավաստեցինք հավատարմությունը ժողովրդավարական զարգացմանն ու առաջընթացին:

Սահմանադրությունը մեզ տվել է ամենագլխավորը` ընտրության իրավունք` ճանապարհի, ազատության, մտածողության եւ կենսակերպի ընտրության իրավունք: Արդեն մի քանի տասնամյակ նշելով Սահմանադրության օրը` մենք մեր հարգանքն ենք արտահայտում ոչ միայն երկրի հիմնական իրավական փաստաթղթի ու պետականության, այլեւ մեր իսկ ընտրության նկատմամբ:

Սիրելի հայրենակիցներ,

Սահմանադրության մեջ կատարվող կամ նախատեսվող որեւէ փոփոխություն նպատակ ունի ավելի ժողովրդավարական դարձնել կառավարման համակարգը, ընդլայնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը երկրի ընթացքին, փաստելով, որ ուժեղ պետությունը նաեւ նշանակում է ոչ միայն տնտեսապես մեծ հնարավորություններ, այլեւ ուժեղ քաղաքացիական հասարակություն` ազգային եւ համամարդկային արժեքներով առաջնորդվող եւ դրանք ի շահ սեփական երկրի ծառայեցնող: Այդպիսի ուղղվածություն ունեն նաեւ առաջիկայում նախատեսված եւ երկրի հիմնական օրենքի բովանդակությունը հարստացնելուն միտված սահմանադրական փոփոխությունները, որոնք, բնականաբար, կյանքի են կոչվելու ժողովրդի հավանությանն արժանանալուց հետո:

Սահմանադրությունը ոչ միայն գործողությունների ծրագիր է, այլեւ նախ եւ առաջ հնարավորություն այդ գործողությունների համար: Այն ոչ միայն մեր երազանքների ամփոփումն է, այլեւ նպատակների ամրագրում: Այն հարգանք է հանուն պետականության մարտնչածների եւ այդ պետականությանը կերտածների հանդեպ, միաժամանակ, վստահություն է պետականությունը հուսալի ձեռքերում պահողների եւ պետականության ապագայի մասին մտածողների հանդեպ: Այն նոր հաղթանակների երաշխիքն է եւ մղում է նոր ձեռքբերումների:

Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն»: 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am