Իրաքյան ուժերը նոր տարածքներ են ազատագրել ահաբեկիչներից

Armenpress 21:36, 15 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերն Անբարի նահանգում շարունակում են հաջողություններ գրանցել «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ազատագրվել է Բաղդադի հյուսիս-արևմուտքում գտնվող Մահսուրա շրջանը, իսկ ավելի վաղ հայտարարվել էր Ռամադի քաղաքի հարավում գտնվող Տաշ շրջանի ազատագրման մասին:

Իրաքի օդուժը հարվածքներ է հացրել Քարամա շրջանին, որի արդյունքում ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Մյուս կողմից ազգային կամավորական ջոկատները սկսել են ռազմական գործողությունների երկրորդ փուլը՝ չորս կողմերից Ֆալլուջա քաղաքում լուրջ հարվածներ հասցնելով ԻՊ-ին: Սպանվել են երեք դիպուկահարներ, ոչնչացվել են երկու ականապատ մեքեանենր Ֆալլուջայի Շեյհան շրջանում:

Պայքարն ահաբեկիչների դեմ շարունակվում է Սալահ ադ Դին նահանգում, որտեղ տեղի ունեցած պայթյունից ոստիկանության աշխատակիցներ են վիրավորվել: Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի Պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահմանգի 80 տոկոսը: «Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում:

2013 թ. ապրիլին «Ալ Քաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am