Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին

Armenpress 20:25, 20 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին:

Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:

Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am