Սեւանա լիճ-2015» շամատի միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց լեհ գրոսմայստեր Յան Դուդան

Armenpress 21:01, 20 Հուլիս, 2015

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ընթացող շախմատի  միջազգային 15–րդ կարգի մրցաշարը հուլիսի 20–ի հետ կեսօրին հատեց վերջնագիծը. հաղթողի կոչումը 6 միավորով նվաճեց լեհ գրոսմայստեր Յան Դուդան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը, երկրորդ տեղը 5,5 միավորով գրավեց իսպանացի գրոսմայստեր Դավիդ Գուիջարոն: Մրցանակային երրորդ տեղը բաժին հասավ նախորդ տարվա հաղթող, հնդիկ գրոսմայստեր Վիդիտ Սանտոշին` 5 միավոր: Նույնքան միավորներով չորրորդ եւ հինգերորդ տեղերը կիսեցին Հայաստանը ներկայացնող Սամվել Տեր-Սահակյանը եւ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Վլադիսլավ Արտեմեւը: Չորսուկեսական միավորներով 6-7-րդ տեղերը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը: Չորս միավորով ութերորդ հորիզոնականը զբաղեցրեց Տիգրան Լ.Պետրոսյանը: Մրցաշարի ամենակրտսեր մասնակից, ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սեւյանը 3 միավորով զբաղեցրեց իններորդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով եզրափակեց Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող Սալեմ Սալեհը:

 Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am