ԻՊ գրոհայինները մահապատժի են ենթարկել Իրաքի ընտրական հանձնաժողովի 300 աշխատակցի

Armenpress 14:33, 9 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Մոսուլ քաղաքի զինվորական ճամբարում մահապատժի են ենթարկել Իրաքի բարձրագույն ընտրական հանձնաժողովի նվազագույնը 300 աշխատակցի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով EFE գործակալությունը, այս մասին հայտնել են երկրի զինված ուժերի ներկայացուցիչները:

Զինված ուժերի ներկայացուցիչների խոսքերով, սպանվածների թվում նվազագույնը 50 կին է եղել: ԻՊ ներկայացուցիչները տեղեկացրել են զոհերի հարազատներին վերջիններիս «դավաճանության եւ կրոնի նկատմամբ հանցագործության» համար դատապարտելու մասին, մարմինները հարազատներին չեն հանձնել:

Իրաքի ընտրական հանձնաժողովը դիմել էր միջազգային հանրությանը եւ ՄԱԿ-ին` երկրի քաղաքացիների նկատմամբ հանցագործությունները եւ մասսայական սպանություններն անմիջապես դադարեցնելու համար միջամտելու խնդրանքով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am