Սահմանամերձ Սոթքում ավելացել է դպրոց եւ նախակրթարան հաճախող աշակերտների թիվը

Armenpress 11:21, 2 Սեպտեմբեր, 2015

ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարան նոր ուսումնական տարում ընդունվել են տասնհինգ աշակերտ, նախակրթրանում` տասնութ երեխա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը, նոր ուսումնական տարում չորս աշակերտով ավելացել է դպրոց հաճախող աշակերտների, երեքով` նախակրթարան հաճախող երեխաների թիվը: Անցած ուսումնական տարում Սոթքի միջնակարգ դպրոցն ավարտել են տասնմեկ աշակերտ, իսկ առաջին դասարան նախակրթարանից ընդունվել տասնհինգը: Իր հերթին նախակրթարանը հերթական ուստարում ավել է ընդունել երեք աշակերտ: «Սոթքը ոչ միայն տնտեսապես է զարգացում ապրում, այլ նաեւ մարդկանց աճով: Եթե յոթ-ութ տարի առաջ տարեկան հազիվ հինգ-վեց ծնունդ էր գրանցվում, հիմա արդեն այդ թիվը մոտենում է երկու տասնյակի: Գյուղում այժմ մանկապարտեզի խիստ կարիք կա, որի գործունեությունը կկարողանանք ապահովել եկող տարվանից. երկու խմբով աշխատող մանկապարտեզի համար արդեն ստեղծել ենք շենքային բոլոր պայմանները, տեղական բյուջեով էլ ի վիճակի ենք ապահովել կանոնավոր աշխատանքը»,- նշեց համայնքի ղեկավարը:

Նախակրթարան եւ միջնակարգ դպրոցի առաջին դասարան հաճախող բոլոր երեխաները գյուղապետարանի կողմից ստացել են նվերներ` գրենական պիտույքներ, տետրեր, լեգո խաղալիքներ, հաշվիչներ, այլ առաջին անհրաժեշտության պարագաներով լի պայուսակներ, շախմատի տախտակ ու խաղաքարեր: Առաջին դասարանցիներին տրված պայուսակներից յուրաքանչյուրի պարունակությունը կազմել է 22 հազար, նախակրթարանի երեխաների պայուսակներին` 12 հազար դրամ:Գյուղապետարանը դասվարներին նվիրել է ծաղիկներ, առաջին դասարանցիներին` հուշանվերներ, նախակրթրանին` մաքրության ապահովման պարագաներ: Հատկացված նվերների ու պայուսակների համար տեղական բյուջեից ծախսվել է 625 հազար դրամ:

«Գյուղապետարանը մշտապես կաջակցի Սոթքի երեխաների կրթությանը, հնարավորության սահմաններում կօժանդակի կարիքավոր ընտանիքներին, բուհ ընդունված ուսանողներին` վստահ լինելով, որ կիրթ ու գրագետ հասարակություն ունեցող Սոթքը ավելի հաստատուն քայլերով կշարունակի զարգացման եւ առաջընթացի ճանապարհը»,-վստահեցրեց Կոլիկ Շահսուվարյանը: Նոր ուսումնական տարում Սոթքի միջնակարգ դպրոց է հաճախում 180 աշակերտ:

 Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am