Դավիթ Բաբայանը սահմանային լարվածությունը կապում է Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ

Armenpress 17:13, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածությունը կապում է առաջիկայում Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ: «Ադրբեջանում առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ, լրացուցիչ ձայներ շահելու նպատակով, ադրբեջանական իշխանությունները լարում են իրավիճակը տարածաշրջանում, երկրում առկա խնդիրները փորձում են բարդել արտաքին թշնամու վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեսակապով միանալով Մեդիա-կենտրոնում կազմակերպված քննարկմանը,  այս մասին նշեց Բաբայանը` հավելելով, որ Ադրբեջանը լիովին վերածվել է նացիստական պետության, որն ագրեսիվ պահվածք է դրսևորում և ներքին, և արտաքին քաղաքականության մեջ:

Նա նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելի է, և ադրբեջանական զինված ուժերը որևէ առավելության չեն հասնում և չեն կարող հասնել: «Ադրբեջանցիները ռազմական տեսանկյունից ուղղակի անիմաստ խախտումներ են անում սահմանին, իսկ ռազմավարական նախաձեռնությունը նրանք չեն կարողանում և չեն էլ կարողանա վերցնել: Ուղղակի նման մեթոդներով շարունակում են լարված պահել իրավիճակը տարածաշրջանում»,-շեշտեց Դավիթ Բաբայանը`ընդգծելով, որ մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր բանակ, համախմբված հասարակություն և Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբված մոտեցում կարևորագույն խնդիրների վերաբերյալ:

Վերջին օրերին ադրբեջանական կողմն ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմն ինչպես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում: Մասնավորապես, Տավուշի մարզում հակառակորդը կրակ է բացում նաև խաղաղ բնակչության ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը, վիրավորվել է Կոթի համայնքի երկու քաղաքացիական անձ` մայր և որդի Նազիկ և Ռազմիկ Թումանյանները:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am