Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին

Armenpress 15:17, 8 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Թոմաս Հալյեյին, ով ավարտում է իր առաքելությունն Արցախում:

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից,  հանդիպման ընթացքում Թոմաս Հալյեն Կարեն Միրզոյանին է ներկայացրել Դրագոսլավ Բլաժևիչ Չիրոյին, որն առաջիկայում կզբաղեցնի ԼՂՀ-ում ԿԽՄԿ առաքելության ղեկավարի պաշտոնը:

Կողմերը քննարկել են ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել առաքելության առաջիկա ծրագրերին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԼՂՀ-ում ԿԽՄԿ գրասենյակի և ԼՂՀ համապատասխան պետական ատյանների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ։  ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության  ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր Խաչի գործունեությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am