«Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա փառատոնին մասնակցեցին բազմաթիվ այցելուներ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղական և միջազգային արտադրող և ներկրող ընկերությունները, ինչպես նաև Հայաստանում գործող դեսպանությունների և հյուպատոսությունների ներկայացուցիչներ մասնակցեցին «Երկրները մեկ հարկի տակ» խորագրով փառատոն-ցուցահանդեսին: 6-րդ անգամ անցկացվող իրադարձությունը Կարապի լճի հարակից տարածքում համախմբեց բազմաթիվ այցելուների:
«Երևանը միշտ հյուրընկալ է ամենատարբեր բազմազգ հանրույթների ու ազգությունների համար: Ավելի քան հաճելի է, որ պետությունները ներկայանում են իրենց առանձին տաղավարներով, իրենց ներկայացուցիչներով` այդ թվում դեսպանների մասնակցությամբ: Մեկ հարկի տակ գտվելու փաստը գեղեցիկ երևույթ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փառատոնի մեկնարկին նշեց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը` ողջունելով ներկաներին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից:
«GMG Media Group» ընկերության տնօրեն, Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց «Երկրները մեկ հարկի տակ» խորագրով փառատոն-ցուցահանդեսի մասնակիցներին և ազդարարեց իրադարձության մեկնարկը:
ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն շնորհակալություն հայտնեց հիանալի փառատոնի համար:
«Շատ հաճելի է այստեղ գտնվելը: Հուսով ենք, որ դուք առիթ եք ունեցել այցելել մեր տաղավար և փորձել այն բրազիլական խմիչքները, որոնք իմ կինն է պատրաստել դեսպանատան աշխատակիցների հետ»,-նշեց դեսպանը:
Բրազիլիայի դեսպանատան տաղավարում Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն և իր տիկինը ներկայացրին բրազիլական ազգային Կապրինյա խմիչքը, կոշինյաներ, քաղցրավենիք: Դեսպանն ինքն էր պատրաստում Կապրինյա և մատուցում այն փառատոնի մասնակիցներին:
Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովն իր ողջույնի խոսքում շնորհավորեց Հայաստանին Անկախության օրվա առթիվ` մաղթելով բարգավաճում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին փառատոնի մասնակիցներին ողջունեց հայերենով: «Ինձ համար մեծ հաճույք է այսօր ձեզ հետ լինել: Այս տարի Երևանում բացվեց Ճապոնիայի դեսպանությունը, որպեսզի ավելի ամրապնդվեն հայ-ճապոնական հարաբերությունները: Մշակույթի միջոցով ձևավորվող փոխըմբռնումը շատ կարևոր է, ապագայում ցանկանում եմ ավելի շատ մշակութային միջոցառումներ կազմակերպել»,-նշեց Էյջի Տագուչին:
«Երկրները մեկ հարկի տակ» խորագրով փառատոն-ցուցահանդեսն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 20-22-ը: Ցուցահանդես-համաժողովն ունի մի քանի նպատակ` ՀՀ-ում դիվանագիտական կառույցներին ծանոթացնել Հայաստանի ներդրումային ծրագրերին, ներկայացնել երկրի էթնիկ առանձնահատկությունը և այլն: Ցուցահանդես-համաժողովն հնարավորություն է ստեղծում ՀՀ և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու և համագործակցելու համար: Եռօրյա ցուցահանդես-համաժողովի շրջանակներում տեղական և արտերկրից ժամանած ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները և արտադրանքը բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում:
«Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա ցուցահանդես-համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին: Փառատոնի շրջանակներում նաև իրականացվել են մի շարք բարեգործական ծրագրեր` աջակցություն ցուցաբերելով սիրիահայ անապահով ընտանիքներին. տրամադրվել է դրամական օգնություն, անվճար տաղավարներ: