Արցախի պատվիրակությունը մասնակցել է «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-ֆորումին

Armenpress 11:34, 24 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 19-22-ը մասնակցել է Երևանում կայացած «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-ֆորումին` ներկայացնելով ԼՂՀ զբոսաշրջային ներուժը ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությունից, Արցախը ներկայացված է եղել առանձին տաղավարով` ձևավորված ուրույն ավանդական ոճով:

ԼՂՀ պատվիրակության ներկայացուցիչներն արդյունավետ քարոզչական աշխատանք են իրականացրել` տաղավարի հյուրերին բաժանելով Արցախի զբոսաշրջավայրերի մասին պատմող գրականություն, ինչպես նաև ավելի մանրամասն տեղեկատվություն փոխանցելով Արցախով հետաքրքրված այցելուներին:

Ցուցահանդես-ֆորումի շրջանակներում կազմակերպվել է նաև համաժողով, որտեղ Արցախի պատվիրակության ներկայացուցիչը հանդես է եկել զեկույցով` ԼՂՀ-ում զբոսաշրջության կայուն զարգացման ուղղությունների մասին: Համաժողովին ներկա են գտնվել  օտարերկրյա դեսպաններ, պաշտոնական ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք:

Ցուցահանդես-ֆորումում Արցախի պատվիրակությունը գլխավորել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am