Բակո Սահակյանն ընդունել է Հայ օգնության միության համահայկական պատգամավորական ժողովի անդամներին

Armenpress 18:05, 12 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի12-ին հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) 71-րդ համահայկական պատգամավորական ժողովի անդամների հետ` ատենապետուհի Կարոլին Շամավոնյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի դերակատարությունը համահայկական տարբեր ծրագրերի իրականացման եւ Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության գործում:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ օգնության միության կենտրոնական վարչության նախկին ատենապետուհի Վիգի Մարաշլյանին եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրել նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Նախագահը հաջողություններ է մաղթել նորընտիր ատենապետուհի Կարոլին Շամավոնյանին իր պատասխանատու աշխատանքում: Նախագահ Սահակյանը նաեւ պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am