ՀՀ վարչապետը ողջունեց ռոբոտաշինության նոր խմբակների ստեղծման ծրագիրը

Armenpress 12:21, 3 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող Ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների ծրագրի շրջանակում խմբակավարների վարձատրությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 62 մլն 481 հազար դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ԻՏՁՄ-ի կողմից ներկայում աշխատանքներ են իրականացվում ՀՀ այլ բնակավայրերում (այդ թվում՝ սահմանամերձ) ևս ռոբոտատեխնիկայի ու ինժեներիայի լաբորատորիաների/խմբակների ստեղծման ուղղությամբ, ինչը կխթանի նշված բնակավայրերում ռոբոտաշինության և ճարտարագիտության ոլորտների զարգացմանը: Նախատեսվում է, որ 2016թ. մայիս ամսից սկսած կսկսեն գործել ևս 32 խմբակներ, իսկ սեպտեմբերից` 48 նոր խմբակներ:

«Սա շատ լավ ծրագիր է և հնարավորություն կտրվի աշակերտներին նոր գիտելիքներ ձեռք բերել»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

Լաբորատորիաների ներդրման դոնոր հանդիսացող կազմակերպությունների կողմից նախատեսվում է 2016թ. ներդնել շուրջ 330 մլն դրամ՝ անհրաժեշտ սարքավորումների ու գույքի ձեռքբերման, խմբակավարների վերապատրաստման, մոնիտորինգի, խմբակներում ընդգրկված երեխաների թիմային վարժանքների անցկացման և աշխատանքների կազմակերպման նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am