Սպասվող լրահոս. 20.05.2016

Armenpress 09:25, 20 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր՝ մայիսի 20-ին, իր աշխատանքները կշարունակի «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» գործարար համաժողովը, որի շրջանակներում անկցկացվում է «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը կամփոփեն երկօրյա համաժողովի աշխատանքները:

«ԱՐՄԲՐԵՆԴ» ազգային գործընկերային համակարգը կազմակերպում է «Բրենդի օր-2016» ամենամյա գործարար համաժողովը՝ «Թուրքական ապրանքները եւ Հայաստանի շուկան» թեմայով: Կներկայացվի Հայաստանի շուկայում վաճառվող թուրքական ապրանքների հակիրճ ներածություն, որից հետո կլինեն ելույթներ ու տեղի կունենա քննարկում: Մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց կարծիքներն ու առաջարկները հետևյալ հարցերի վերաբերյալ՝ գոյություն ունի, արդյո՞ք այլընտրանք թուրքական ապրանքներին: Ի՞նչն է խանգարում Հայաստանի արտադրողներին: Հայկական ապրանքանիշերի զարգացման խնդիրներն ու նրանց լուծումները:

Ճանապարհային երթևեկության դաշտը կարգավորող օրենսդրական հարցերը պատգամավորների ուշադրության կենտրոնում: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվեն «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման օրենսդրական եւ իրավակիրարկման հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է գազամատակարարման համակարգի սակագների վերաբերյալ իր հաշվարկները: Այսօր հանձնաժողովը իր հաշվարկների արդյունքները կքննարկի սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ:

Այս տարի լրանում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին: Այդ կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում աշխարհի տարբեր երկրներում: Բրիտանական խորհուրդը միանում է համաշխարհային միջոցառումների շարքին և Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ներկայացնում է «Շեքսպիրն ապրում է մետրոյում» ծրագիրը: Դերասան Արսեն Գրիգորյանը Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կսկսի Շեքսպիրի ստեղծագործությունների հայերեն թարգմանության ըներցանությունը: Նրան զուգահեռ «Փոքր թատրոն»-ի դերասանները կխաղան «Shake Speare» ներկայացման հատվածներ: «Երիտասարդական» կայարանից հետո դերասանները կուղևորվեն «Հանրապետության հրապարակ» կայարան, ուր կշարունակեն ընթերցանությունը և բեմադրությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am