Ժոզե Մոուրինյոն նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում

Armenpress 21:05, 26 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի հայտնի ֆուտբոլային մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշանակվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանտը:

«Շնորհավորում եմ Ժոզեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Սա Ժոզեի համար ամենասպասված և ամենապատասխանատու պահն է: Առաջին բանը, որ նա պետք է անի, դա թիմի հաղթական ոգին վերադարձնելն է»,- գրել է հայտնի ֆուտբոլիստը:

Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է հոլանդացի մասնագետ Լուի Վան Գալին, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Լուի Վան Գալի գլխավորությամբ անգլիական ակումբը Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը և զրկվեց Չեմպիոների լիգայի ուղեգրից: 2015-2016թթ մրցաշրջանում թիմի նվաճած միակ տիտղոսը եղավ Անգլիայի գավաթը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am