Երկու հրամայական կա` կրակի տակ գտնվող բնակավայրերի բնակչությունը չլքի Արցախն ու ապրի անվտանգ. Բաբայան

Armenpress 12:47, 27 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քառօրյա պատերազմի հետևանքով իրենց տները լքած քաղաքացիների անվտանգությունն ու Արցախում նրանց մնալու հարցը երկու կարևոր հրամայականներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով դիտարկմանը, որ «ԼՂՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ Թալիշի ու Մարտակերտի բնակիչները այլ տարածքում կվերաբնակեցվեն»: Նրա խոսքով` նրանց վերաբնակեցման առումով մի շարք մոտեցումներ կան, բայց ժամանակը ցույց կտա, թե որոնք են կիրառելի: «Իհարկե, թալիշցիների շրջանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ցանկանում են վերադանալ: Բայց իրավիճակն այնպիսին է, որ միգուցե 1994-ին, երբ սկսվեց Թալիշի լայնածավալ բնակեցումը, հնարավոր էր մի քիչ հետ տալ բնակավայրը, որ կրակի տակ չլիներ, այն ժամանակ այլ նպատակ կար: Որոշ ռազմավարական խնդիրների ներքո ստորադասվեց այդ կարևոր հարցը: Հիմա կտեսնեք`ինչ կարևոր քայլեր կձեռնարկվեն: Երկու կարևոր հրամայական կա, որպեսզի այդ բնակավայրերի բնակչությունը չլքի Արցախը և նրանք ապրեն անվտանգ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով «#ԵկԱրցախ» ֆլեշմոբին, որի նպատակն է խրախուսել դեպի Արցախ զբոսաշրջությունը` Դավիթ Բաբայանը նշեց. «Ձեզանից յուրաքանչյուրի պարտքն է մնալ հայրենքում, կապ չունի Հայաստանում, թե Արցախում: Երեխաներ բերեք, բազմացրեք ազգը և մնացեք այստեղ, ուրիշ տարբերակ չկա: Իսկ Սփյուռքում հայանպաստության մակարդակը պետք է բարձր մակարդակի վրա լինի, որ եռամիասնությունն աշխատի ընդմիշտ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am