Արցախի պետհամալսարանը գերազանցությամբ ավարտած ուսանողները դիպլոմները ստացան նախագահականում

Armenpress 12:51, 24 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հունիսի 24-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած ուսանողների դիպլոմների եւ նրանց պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Շնորհավորելով ներկաներին՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ պետությունը բարձր է գնահատում մեր երիտասարդ սերնդի ամեն մի հաջողությունը` լինի դա կրթության ոլորտում, աշխատանքային գործունեության մեջ թե հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան գործում:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախում կարեւոր տեղ է հատկացվում կրթության ու գիտության զարգացման հարցերին, ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի երիտասարդները ստանան ժամանակակից պահանջներին համապատասխան որակյալ ուսում, լինեն կիրթ ու զարգացած եւ դառնան մեր երկրի արժանի քաղաքացիներ:

Միջոցառմանը մասնակցում էին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am