Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հռոմի Պապի հայաստանյան այցի վերաբերյալ

Armenpress 13:27, 27 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի ընթացքում Հայոց ցեղասպանության մասին կաթոլիկ աշխարհի հովվապետի արած հայտարարությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պաշտոնական Անկարան անընդունելի է համարել Պապի հայտարարությունները:

Մասնավորապես, Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, թե Հայաստան կատարած այցի ընթացքում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելը, Ցեղասպանության մասին հայտարարություններ անելը, Ամենայան Հայոց Կաթողիկոսի հետ համատեղ հայտարարություն տարածելը ևս մեկ անգամ ցույց են տվել «Ֆրանցիսկոս Պապի անվերապահ հավատարմությունը 1915 թվականի պատմական իրողություններին չհամապատասխանող հայերի պատմություններին»:

Պաշտոնական Անկարան «կողմնապահ» է անվանել պատմական դեպքերի վերաբերյալ Ֆրանցիսկոս Պապի մոտեցումները:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, թե Հռոմի Սրբազան Քահանայապետի` Հայաստան կատարած այցը «որևէ կերպ չի նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am