Էրդողանը մեղայական է հղել Պուտինին

Armenpress 17:30, 27 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` խորին ափսոսանք հայտնելով ռուսական օդանավի խոցման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է պաշտոնական Կրեմլը:

Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի ընկերն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատացնել հարաբերությունները: «Մենք երբեք ցանկություն և մտադրություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռ»,- նշել է Էրդողանը: Նա հիշեցրել է, թե իրենք «իրենց վրա վերցնելով ողջ ռիսկերն ու գործադրելով մեծ ջանքեր, կարողացան սիրիացի ընդդիմադիրներից վերցնել զոհված ռուս օդաչուի մարմինը և այն տեղափոխել Թուրքիա»:

«Այս ամբողջ գործընթացն իրականացվել է թուրք-ռուսական հարաբերություններին հարիր մակարդակով: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ խորը ցավակցությունները հայտնել զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ` կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Հանուն ցավի թեթևացման, մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»,- ասել է Էրդողանը:

Նա հայտնել է, որ Թուրքիայի այն քաղաքացու դեմ, ում անունը հիշատակվում է ռուս օդաչուի մահվան հետ, տարվում է դատաքննություն:

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:

Ռուսաստանի ղեկավարները հայտարարել են, որ թուրք-ռուսական հարաբերությունները վերականգնելու մասին հնարավոր կլինի խոսել միայն, երբ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը պաշտոնապես ներողություն խնդրի Մոսկվայից եւ փոխհատուցի խոցված ռուսաստանյան ինքնաթիռի եւ ուղղաթիռի անձնակազմերի ընտանիքներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am