Ալբանիայի վարչապետի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայան է ժամանել պայթյունի պահին

Armenpress 10:09, 29 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել հենց այն պահին, երբ օդանավակայանում վայրէջք է կատարել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի ինքնաթիռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Ռամային վայրէջքից անմիջապես հետո տեղափոխել են կառավարական ընդունելության սրահ: Ավելի ուշ նա ուղևորվել է Անկարա: Ալբանիայի վարչապետը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել` նշելով, որ ահաբեկիչները չունեն կրոն:

Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական խոշոր գործողության հետևանքով զոհերի թիվն ավելանում է: Այս պահի տվյալներով՝ կա 36 զոհ և 147 վիրավոր: Ահաբեկչությունն իրականացրած երեք մահապարտներ նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա պայթեցրել են իրենց: Որոշ տեղեկությունների համաձայն` ահաբեկչության մեջ մասնակից է եղել յոթ մարդ:

Օդանավակայան ժամանած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ ահաբեկչության իրականացման պատասխանատուն ծայրահեղական իսլամիստական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am