Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի ցուցադրությունը կկայանա հուլիսի 15-ին

Armenpress 16:33, 14 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում (Ռոմանո-գերմանական ֆակուլտետ) հուլիսի 15-ին` ժամը 10:00-16:00-ին, տեղի կունենա Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի ցուցադրությունը, որին մասնակցում են 16 աշխատանքներ:  Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կայքից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպությունը հայտարարել էին Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ, որի նպատակն էր հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ:

Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն: Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ: Հայեցակարգերի մրցույթին հնարավորություն ունեին մասնակցելու ֆիզիկական անձինք՝ ուսանողներ, անհատ ճարտարապետներ և խմբեր, ինչպես նաև իրավաբանական անձինք` ճարտարապետական նախագծման կազմակերպություններ:

Լավագույն 3 աշխատանքները ներկայացնող թիմերին/անհատներին կշնորհվեն հետևյալ մրցանակները. 

Առաջին տեղ՝ 900.000 ՀՀ դրամ Երկրորդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ Երրորդ տեղ՝ 350.000 ՀՀ դրամ

Մրցույթն իրականացվում է Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am