Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ

Armenpress 10:10, 15 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 15-ից 17-ը պաշտոնական այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակում նախատեսվում է Տարոն Մարգարյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի կունենա երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը: 

Նախատեսվում է նաև հանդիպում-քննարկում, որի ընթացքում կամփոփվեն Երևանի և ԼՂՀ քաղաքների ու շրջանների միջև համագործակցության արդյունքներն ու առաջիկա ծրագրերը:

Երևանի վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ  կունենան ԼՂՀ գործընկեր շրջանների ու համայնքների ղեկավարների հետ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am