Հայաստանի արդյունաբերությունն առաջին վեց ամիսներին ունի երկնիշին մոտ աճ

Armenpress 12:19, 15 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունն արդյունաբերության ոլորտում ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին ունի երկնիշին մոտ աճ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Ազգային վիճակագրական ծառայությունը վերջնական թվերը կներկայացնի մոտ վեց օրից, սակայն մեր մոնիթորինգի արդյունքները վկայում են, որ տարբեր ոլորտներում աճ է գրանցվել: Մասնավորապես, Հայաստանի արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է մոտ 10 տոկոս, հանքարդյունաբերությունը` 20 տոկոս, մշակվող արդյունաբերությունը` 14 տոկոս, էներգետիկայի արտադրությունը` 12 տոկոս»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա տեղեկացմամբ, զգալի աճ է գրանցվել սննդամթերքի, խմիչքների արտադրության ոլորտներում: Ամենամեծ աճը գրանցվել է ադամանդագործության ոլորտում, որը կազմել է 260 տոկոս, իրացումն էլ իրականացվել է ամբողջությամբ` արտահանման միջոցով: «Այս ամենը արդյունք է ոչ միայն ձեռնարկությունների, այլև պետության ակտիվ քաղաքականության: Պետությունը աջակցման քաղաքականություն է իրականացնում տարբեր ուղղություններով: Կարևոր բաղադրիչ է նորաստեղծ կազմակերպություններին տրվող արտոնություները»,- ավելացրեց նախարարը:

Արծվիկ Մինասյանը դիմեց լրագրողներին, հորդորելով, որ եթե իրենց գերատեսչությանը պատկանող մարմիններում նկատեն կոռուպցիոն երևույթներ, խնդիրներ, անպայման տեղեկացնեն նախարարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am