«Դոգմա» խումբը թողարկել է իր նոր ալբոմը

Armenpress 13:04, 15 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Դոգմա» էթնիկ-պրոգրեսիվ ռոք խումբը թողարկել է իր նոր՝ թվով երրորդ, “Նա Նե” անվանումը կրող ալբոմը: Ալբոմի թողարկումը խումբը նշել է համերգ-շնորհանդեսով Երևանի պետական տիկնիկային թատրոնում:

Խմբի անդամները`Զառա Գևորգյանը, Վարդան Գրիգորյանը, Գոռ Ավետիսյանը և Հենրի Գրիգորյանը, ալբոմի ստեղծման վրա աշխատել են մոտ մեկ տարի: «Նա Նե» ալբոմում ներառված է ինը երգ: «Հող» կատարմանը ձայնակցում է «Դոգմա»-ի նախկին թմբկահար Դերիկ Վարդումյանը, իսկ «Գարուն»-ը դուետ է ավանգարդ ֆոլկ երգիչ Արտո Թունջբոյաջյանի հետ:

Խմբի համերգ-շնորհանդեսին մասնակցում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Ինչպես նշեց դեսպանը, նա առաջին անգամ է ներկա գտնվում «Դոգմա»-ի համերգին: «Մի քանի ամիս առաջ ես և Զառան ընթրում էինք, և նա տվեց իրենց ալբոմներից մեկը, ես միացրի այն, և երաժշտությունն ինձ շատ դուր եկավ»,- պատմեց Միլսը «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Դեսպանը նշեց, որ համերգը հիանալի է անցել: Նա շատ տպավորված էր ելույթով և հավելեց, որ երաժշտությունը հիանալի էր , իսկ խմբի մեներգչուհին` Զառան, աննկարագրելի է բեմի վրա: «Ես շատ լավ ժամանակ անցկացրեցի: Սա իմ տեսած լավագույն կենդանի կատարումն էր երկար ժամանակի ընթացքում»,- ասաց Միլսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am