Ավելի շուտ Կուրը կթափվի Սեւ ծով, քան Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում. Շարմազանովի պատասխանն Ասկերովին

Armenpress 19:41, 22 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի Հելսինկյան երեք սկզբունքների հիման վրա` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հանրապետության տարածքային ամբողջությունը եւ ուժի չկիրառումը: Հենց դա են պնդում միջազգային միջնորդներն ու հայկական կողմը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆետ Ասկերովի, որը հայտարարել էր, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: 

«Լեռնային Ղարաբաղի ստատուսն Ադրբեջանը չի որոշում, այլ միջազգային հանրությունը` հաշվի առնելով ու հիմնվելով Արցախի ժողովրդի կամքի վրա, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ի դեպ, այդ մասին նշում է ոչ միայն հայկական կողմը, այլեւ Մինսկի խմբի համանախագահները եւ համանախագահ երկրների ներկայացուցիչները: Ավելի շուտ Կուրը կթափվի Սեւ ծով, քան Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում»,- ասել է Շարմազանովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am