Վարչապետին է ներկայացվել կրթության որակի բարձրացման համալիր փոփոխությունների փաթեթը

Armenpress 17:33, 25 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում հուլիսի 25-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված հանրակրթության ոլորտի հիմնախնդիրներին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

2016թ. հուլիսի 7-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Աբրահամյանը հանձնարարել էր ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ նախապատրաստել հանրակրթության հիմնախնդիրների և բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների թեմայով խորհրդակցություններ և դրանցից բխող փոփոխությունների ժամանակացուցային առաջարկներ:

Վարչապետին զեկուցվել է, որ մասնագիտական քննարկումների և առաջարկների հիման վրա մշակվել է կրթության որակի, արդյունավետության բարձրացման և հասանելիության ապահովման վերաբերյալ համալիր փոփոխությունների փաթեթ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ներկայացված առաջարկությունները:

Ամփոփելով կառավարության ղեկավարը նշել է, որ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են, պետք է ստեղծել մատչելի ու մրցունակ կրթական ծրագրեր և, ըստ անհրաժեշտության, վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am