Շենգավիթ վարչական շրջանի թիմը հաղթել է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի բակային փառատոնի «հանդբոլ» մարզաձևում

Armenpress 11:22, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարում հանդբոլը 4-րդ մարզաձևն էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնից, «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնում վարչական շրջանների հանդբոլի թիմերը օրեր շարունակ վիճարկում էին հաղթողի կոչումը: «Երևանի սրընթաց գնդակ» կոչվող հանդբոլի մրցաշարում 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարում ուժերն են չափել Նորք-Մարաշ և  Նոր Նորք վարչական շրջանների թիմերը: Պատվո հարթակի 3-րդ աստիճանն ի վերջո բաժին է հասել նորքմարաշցիներին: Եզրափակչում հանդիպել են Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների մարզիկները: Վճռորոշ խաղում ավելի ուժեղ են գտնվել շենգավիթցի պատանիները, Աջափնյակցի հանդբոլիստները երկրորդն են:

Եռյակում տեղ գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Հաղթող թիմին` Շենգավիթին, պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am