Ուժեղ բանակ ու համախմբված հասարակություն ունենալու դեպքում մեզ հնարավոր չի լինի հաղթել. Դավիթ Բաբայան

Armenpress 12:52, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանային հատվածում հակառակորդի ակտիվացմանը նպաստում են Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահ մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի ակտիվությունը որևէ հանգամանքի հետ ուղղակիորեն կապ չունի, սահմանին այդպիսի պահվածքն Ադրբեջանի էությունն է ցույց տալիս: Ադրբեջանն ահաբեկչական, ֆաշիստական պետություն է, իսկ նման պետություններն այդպիսի պահվածք պետք է ցուցաբերեն: Դա այդ հիվանդության ախտորոշման մի ձևն է: Բայց կան որոշ զարգացումներ, որոնք էլ ավելի են խթանում նման պահվածքը: Եվ այս անգամ սահմանին ակտիվացումը ես կապում եմ Ադրբեջանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հետ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծեց, որ, ըստ երևույթին, սկսվում է թագաժառանգին իշխանությունում երկարաժամկետ հաստատելու «օպերացիան»: Ադրբեջանը փոխում է  Սահմանադրությունը, նախագահի պաշտոնավարումը 7 տարի է լինելու: Որևէ սահմանափակում չի դրվելու և Ադրբեջանի նախագահը կարող է մի քանի անգամ ընտրվել: Առաջարկված փոփոխությունների համաձայն` ավելացվում է երկու փոխնախագահի պաշտոն և ուժեղացվում է նախագահի ինստիտուտը:

«Դրան հասնելու գործընթացը պահանջում է, որ հասարակության հետ ավելի ակտիվ աշխատանք տարվի: Պետք է նշել, որ ադրբեջանական հասարակությունն այդքան էլ դրական չի վերաբերում նման զարգացումներին, հետևաբար նորից պետք է շահարկվի արտաքին թշնամու կերպարը, պետք է ցույց տան, որ Արցախն ու Հայաստանն իրենց թշնամիներն են: Այսինքն` իրենց թալանը լեգիտիմացնելու համար կրկին հասարակության ուշադրությունը շեղելու միջոց ընտրվում է արտաքին թշնամին, տվյալ դեպքում Հայաստանն ու Արցախը»,-ավելացրեց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում Բաքվում, հայկական կողմը միշտ պատրաստ է: «Մեր բանակը միշտ պետք է լինի ուժեղ, և հասարակությունն էլ` համախմբված: Այդ ժամանակ մեզ հնարավոր չի լինի հաղթել»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am