Կառավարման փորձագետը հորդորում է Երևանում ստեղծված իրավիճակում ցուցաբերել զսպվածություն

Armenpress 14:20, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից հետո Երևանում ստեղծված իրավիճակում պետք է լուծել նվազագույն խնդիրը՝ չհասնել համազգային ընդհարումների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հուլիսի 26-ին հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

«Հիմա ռազմավարական և հեռատես ծրագրերի ժամանակը չէ: Նման տատանումների ժամանակ կառավարման մեջ պարտադրվում է արձագանքել օնլայն ռեժիմով: Այսպիսի իրավիճակներում պետք է չհասնել համազգային ընդհարումների, քանզի ընդհարումների ժամանակ միշտ օգտվելու են սրիկաները և մենք կունենանք հեղափոխության դառը պտուղները: Այսինքն՝ առաջին հերթին պետք է նվազագույնի իջեցնել իրավիճակի անկառավարելի դառնալու հնարավորությունները»,- նշեց Մեսրոբյանը: Կառավարման փորձագետը հորդորում է այս իրավիճակում ցուցաբերել զսպվածություն և չենթարկվել սադրանքների: «Ամեն մի կայծից կարող է հրդեհ բռնկվել: Օրինակ՝ մինչև գրելը, նայեք ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ձեր գրածը: Եթե զգում եք բացասական հետևանք կարող է ունենալ մի գրեք»,- ընդգծեց փորձագետը: Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց: Հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Մի քանի ոստիկան վիրավորվել են: Զինված խմբի անդամները մեկ շաբաթվա ընթացքում աստիճանաբար ազատ են արձակել պատանդներին: Վերջին չորս ոստիկանները, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ազատ են արձակվել հուլիսի 23-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am