ԼՂՀ-ում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը քննարկվել է դատական համակարգի ներկայացուցիչների հետ

Armenpress 17:16, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումները հուլիսի 26-ին շարունակվել են Արցախի պետական համալսարանում՝ դատական համակարգի ներկայացուցիչների և հանրապետության բուհերի իրավագիտության, քաղաքագիտության և պատմության դասախոսների  մասնակցությամբ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է մինչ այս փուլը հանձնաժողովի կատարած աշխատանքը, որից հետո ներկայացրել հայեցակարգի նախագիծը:Այնուհետև ներկաները հարցեր են առաջադրել մասնագիտական հանձնաժողովին՝ հայեցակարգի նախագծում իշխանությունների տարանջատման, զսպման և հակակշռման սկզբունքների, դատական բնագավառի օրենսդրական կարգավորումների իրականացման գործում նույն համակարգի ներկայացուցիչների մասնակցության հնարավորության, մարդու իրավունքների եվրոպական չափորոշիչների և ազգային մտածելակերպի համադրելիության, ինչպես նաև երկրի կառավարման մոդելների թեմաներով:Հանդիպման ընթացում մասնագիտական հանձնաժողովը ստացել է նաև մի շարք առաջարկություններ՝ սահմանադրության նախագծի մշակման փուլում համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խմբի ստեղծման, ինչպես նաև առաջարկությունների ու կարծիքների համար համապատասխան հարթակ ձևավորելու վերաբերյալ:Քննարկումների ավարտին Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել հասարակության մասնակցությունը երկրի համար կարևորագույն փաստաթղթի հայեցակարգի նախապատրաստման գործում և հավելել, որ աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումներին և մշտական փոփոխություններին Արցախը նույնպես պետք է պատրաստ լինի՝ նոր լուծումներ ու համարժեք քայլեր ձեռնարկելով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am