ՊՆ-ում քննարկվել է ֆինանսաբյուջետային ոլորտին առնչվող հարցեր

Armenpress 19:12, 26 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 26-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված ֆինանսաբյուջետային խնդիրների քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկումների նպատակն էր վերստուգել ընթացիկ տարվա ֆինանսաբյուջետային ծախսերի կատարողականը, ընդհանրացնել ֆինանսաբյուջետային ոլորտին առնչվող հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև պաշտպանական գերատեսչության 2017 թվականի բյուջեի պլանավորման գործընթացը, կատարվել են որոշակի ճշտումներ:

Խորհրդակցության մասնակիցները ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ: Քննարկվել է նաև ՊՆ կենտրոնական ապարատի օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարն այլ ոլորտներ ուղղորդելու հարցը: Ոլորտի պատասխանատուներն ընդգծել են փաստը, որ վերջին տարիներին զինված ուժերում նվազել են ֆինանսական հոսքերի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, միաժամանակ ամրապնդվել են գնումների գործընթացի ապագաղտնիացումն ու թափանցիկությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am