Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ, նա ազատ կարձակվի

Armenpress 14:49, 29 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ազատ կարձակվի, նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: «Վարույթն իրականացնող մարմինն այսօր ստացել է փորձագետի եզրակացությունը` համաձայն որի` նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված դանակը սառը զենք չէ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննիչը նրան արգելանքից ազատելու մասին որոշում է կայացրել»,-ասաց Սոնա Տռուզյանը:

2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացու փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել  է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ:  Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն։

 Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա էին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող բավարար հիմքեր՝ Շենգավիթի քննչական բաժնում հուլիսի 27-ին հարուցվել էր քրեական գործ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am