Ոստիկանությունը Խորենացու փողոցից և Սարի թաղից բերման է ենթարկել 165 անձի

Armenpress 11:34, 30 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևանի տարբեր բաժիններ Խորենացու փողոցից և Սարի թաղից բերման է ենթարկվել 165 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ազատ արձակվածների վերաբերյալ տեղեկություն վարչությունը դեռ չունի:

Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից դեպի Խորենացու փողոց շարժվող ցուցարարները անակնկալ կերպով փոխել էին երթի ուղղությունը և շարժվել Սարի թաղի ուղղությամբ:  Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա: Խորենացու փողոցում և Սարի թաղում հավաքվածներին մի քանի անգամ հավաքի անօրինական բնույթի մասին տեղեկացնելուց և տարածքը լքելու հորդորից հետո ոստիկանությունը ցրել է հավաքվածներին:  Ոստիկանության աշխատակիցները մի քանի շարք պատնեշով առաջացել են հավաքվածների շարքերի մեջ, նաև լուսաձայնային միջոցներ կիրառելով սկսեցին բերման ենթարկել նրանց: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am