Երևանում և Դիլիջանում Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Armenpress 13:12, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունեցել «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսը՝ նվիրված ժողովրդական արվեստի պահպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նկարչի՝ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, ցուցադրվել են արվեստագետի գեղանկարչական աշխատանքները, այնուհետև ներկաները դիտել են նրա մասին պատմող «Հրաշք Վանիկը» ֆիլմը:Միջոցառմանը նկարչի կյանքին և գործունեությանը վերաբերող ելույթներով հանդես են եկել Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն, գրող Հովիկ Հովեյանը, Հայաստանի Հանրային ռադիոյի մշակութային ծրագրերի համակարգող, լրագրող Օֆելյա Ասատրյանը, Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի տնօրեն, արվեստաբան Մարտին Միքայելյանը, փայտարվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Սոլախյանը, ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն Գևորգ Մակվեցյանը, Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Աշուղաթոյանը և այլք: Ելույթներում արվեստագետն արժևորվել է որպես գեղանկարիչ, ժողովրդական ստեղծագործության պահպանման ջատագով և հասարակական գործիչ, որպես մարդ և ազգային մշակույթի նվիրյալ, ում ներդրումն անգնահատելի է հայ մշակույթում:Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ նկարչի անունը կրող կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղում ևս բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել է Շարամբեյանի սաների՝ Համլետ Մակվեցյանի, Սամվել Ֆրանգուլյանի գեղանկարչական աշխատանքները, ինչպես նաև ժանեկագործ Աղավնի Տոտոսզյանի ստեղծագործությունները:

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 26-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am