Սահմանամերձ համայքների բնակիչներին սոցիալական աջակցությունը կառավարության առաջնահերթություններից է

Armenpress 11:19, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գործադիրը նախատեսում է աջակցություն տրամադրել բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ) 50 տոկոսի չափով: «Նախագծով աջակցություն է նախատեսվում նաև այն բաժանորդների համար, որոնք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ չեն, սակայն հանդիսանում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդներ: Վերոնշյալ բաժանորդների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 2016 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվում է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար»,- ասաց նախարարը:

Կառավարությունը սոցիալական աջակցություն է տրամադրում նաև ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի դեպքում: Տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից կառավարությունը նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե է վճարում ՀՀ պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am