Բժիշկները նշել են ավելորդ քաշի անկասելի վտանգը

Armenpress 11:38, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ ավելորդ քաշը կապված է քաղցկեղով հիվանդանալու վտանգի հետ: Հետազոտությունը հրապարակված է The New England Journal of Medicine-ում: Դրա մասին հակիրճ հաղորդել է EurekAlert! հրատարակությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ մեծ է ստամոքսի, լյարդի լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ձվարանների, վահանաձեւ գեղձի քաղցկեղի, ինչպես նաեւ մենինգիոմայի (գլխուղեղի ուռուցքի) եւ միելոմայի առաջացման վտանգը:

Եթե տասը տարվա ընթացքում մարդուն հաջողվում է սահմանափակել իր քաշի ավելացումը, հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազում է: Այլապես գործընթացը կարող է անդառնալի բնույթ ստանալ:

Աշխարհում շուրջ 600 մլն մեծահասակներ եւ 110 մլն երեխաներ տառապում են ճարպակալումից: ԱՄՆ-ի բնակչության մեկ երրորդը եւ Ռուսաստանի բնակչության քառորդ մասն ավելորդ քաշ ունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am