Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացել է Արցախին նվիրված վավերագրական ֆիլմի շնորհանդես

Armenpress 19:22, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Ռիմինի քաղաքի «Neri Conai» դահլիճում օգոստոսի 23-ին կայացել է իտալացի լրագրող Ջիան Միկալեսինի «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի վերադարձը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր «Խաղաղության և ազատության միջազգային կենտրոնը»՝ Ռիմինիի 37-րդ հանդիպման շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ֆիլմի հեղինակ Ջիան Միկալեսինը և «Խաղաղության և ազատության միջազգային կենտրոնի» տնօրեն Ռոբերտո Ֆոնտոլանը:

Դեսպան Բաղդասարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ֆիլմի հեղինակին` Արցախի, ինչպես նաև հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի մասին ճշմարտությունը ներկայացնելու, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ դեսպանության հետ սերտ համագործակցելու և ֆիլմի շնորհանդեսը կազմակերպելու համար: ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի պատմությունն ու էությունը: Դեսպանն Բաղդասարյանն ընդգծեց, որ Ջիան Միկալեսինի ֆիլմը ոչ միայն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի պատմությունը, այլև կոչ է անում անտարբեր չլինել մարդկանց ու ժողովուրդների հանդեպ իրականացվող խտրականության ու բռնության հանդեպ»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am