Երևանյան բեսթսելեր 4/30. աղյուսակ են վերադարձել «Նարեկ»-ն ու «Փոքրիկ իշխան»-ը
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ ևս գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը։ Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
Երկրորդում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն է: Գիրքը հանրությանն առավել հայտնի է «Նարեկ» անունով, շատերը հավատում են նրա հրաշագործ ներգործությանն ու բուժիչ հատկությանը: Միջնադարում արարված այս ստեղծագործությամբ Նարեկացին աղոթքի միջոցով կապ է հաստատում Աստծո հետ, իր անունից խոստովանում մարդկային բոլոր մեղքերն ու թողություն խնդրում դրանց համար: Հիշելով անթիվ անհամար մեղքերը՝ ողբում է իր երկրային փոքրությունը, սակայն, առաջնորդվելով գաղափարով, որ Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ, Նարեկացին ապավինում է Տիրոջ ողորմածությանը:
«Անտարես» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների լույս ընծայած «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը, որն Անտուան դը Սենտ Էկզյուպերիի հանրահայտ գործն է, երրորդ տեղում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով:
Անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» չորրորդ հորիզոնականում է: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքի տեսքով տպագրվել է 1891 թվականի ապրիլին:
Տասնյակի հինգերորդ հորիզոնականում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ, այն կյանքը սիրելու և վերջին րոպեներն իմաստավորված ապրելու մասին է:
Ռեյ Բրեդբըրիի հեղինակած «Ֆարենհայթ 451»-ը վեցերորդում է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատեր ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը: Ի դեպ, սա այս ստեղծագործության երկրորդ թարգմանությունն է, առաջինը կատարել է Լևոն Անանյանը:
Վարկանիշային աղյուսակի յոթերորդ տեղում Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունն է: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:
Ութերորդ հորիզոնականում Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց»-ն է: Գիրքը էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։
Լուսանկարիչ և գրող Էդգար Հարությունյանի ստեղծագործություններն ամփոփող առաջին՝ «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն իններորդում է: Այն հրատարակել է «Անտարես»-ը:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Արմեն Հայաստանցու «Մայրենիք. դրոշ» գիրքը: Այն հեղինակի «Մայրենիք» եռագրության առաջին վեպն է, որում Հայաստանի դրոշի խորհուրդը բացահայտվում է՝ հրապարակախոսության և գեղարվեստական պատումի միահյուսմամբ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար- գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0Մարկ Արեն
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»
Բուկինիստ 25 2 *Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության»
Գասպրինտ 24 3 *Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ 16 5 *Ջոն Գրին
«Աստղերն են մեղավոր»
Էդիթ Պրինտ 12 6 -2Ռեյ Բրեդբըրի
«Ֆարենհայթ 451»
Զանգակ 10 7 *Հերման Հեսսե
«Տափաստանի գայլը»
Անտարես 8 8 -3Ժան-Պոլ Սարտր
«Սրտխառնոց»
Անտարես 7 9 *Էդգար Հարությունյան
«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»
Անտարես 6 10 ՆորԱրմեն Հայաստանցի
«Մայրենիք.դրոշ»
Անտարես 5Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անի Նազարյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024