Ժոզե Մոուրինյոն գոհ է «Լեսթեր»-ի դեմ իր թիմի խաղից

Armenpress 19:34, 24 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի՝ «Լեսթեր Սիթի»-ի հետ խաղում իր թիմի հաղթանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ժոզե Մոուրինյոն նշել է, որ գոհ է իր թիմի ցույց տված խաղից: «Մենք լավ խաղ ցուցադրեցինք և հաղթեցինք: «Լեսթեր»-ին այս ոճով հաղթելը հեշտ չէր: Խաղացողները արագ և ինտենսիվ հանդիպում անցկացրեցին: Հաճելի է վերադառնալ տուն չեմպիոնին հաղթելուց հետո»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Նա հիշեցրել է, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի կարողացել հաղթել «Լեսթեր»-ին` նշելով, որ այս մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ են հաղթանակ տոնում գործող չեմպիոնի նկատմամբ:

Նա խոսել է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Ուեյն Ռունիի մասին, ով «Լեսթեր Սիթի»-ի հետ խաղում մնացել էր պահեստայինների նստարանին և փոխարինման դուրս եկել միայն վերջին րոպեներին: «Ռունին ինձ համար կարևոր խաղացող է: Նա կարևոր խաղացող է նաև ակումբի, այս երկրի համար: Ես նրան լիովին վստահում եմ»,- եզրափակել է Մոուրինյոն:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթանակ է տոնել գործող չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ի նկատմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am