Դավիթ Լոքյանը եւ Լեւոն Մկրտչյանը կպահպանեն իրենց պաշտոնները. Աղվան Վարդանյան

Armenpress 14:57, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման, ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարարներ Դավիթ Լոքյանը եւ Լեւոն Մկրտչյանը միանշանակ պահպանելու են իրենց պաշտոնները: Այս մասին,  ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Եթե մեր համաձայնագրում առաջադրված խնդիրները լուծվեն, կարեւոր չէ, թե քանի նախարար մենք կունենանք. կարող ենք ընդհանրապես չունենալ եւ կարող ենք ունենալ 5-ը»,-ասաց խմբակցության քարտուղարը:

Անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ տնտեսության ոլորտում փոփոխությունների իրականացմանն ուղղված քայլերին՝ նա հույս հայտնեց, որ վարչապետը կարողանալու է լուծում տալ ոլորտում առկա խնդիրներին: «Այս փուլում դրված խնդիրները շատ հստակ են՝ վճռական պայքար ստվերային տնտեսության,  կոռուպցիայի դեմ, պայմանների ստեղծում նոր արտադրություն ստեղծողների համար, արտոնությունների տրամադրում՝ նաեւ հարկային, կառավարության կառուցվածքի օպտիմալացում եւ այլն:  Սա ամենակարեւորն է, եւ այս փուլում մենք տեսնում ենք վարչապետի վճռականությունը այս երեւույթների դեմ պայքարելու հարցում»,-եզրափակեց Աղվան Վարդանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am