Գերմանիայում տոնել են Հայաստանի անկախության 25 ամյակը

Armenpress 15:29, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով միջոցառումներ տեղի ունեցավ Գերմանիայի Հալլե և Կարլսռուհե քաղաքներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Սեպտեմբերի 25-ին Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ: «Հայաստանի փոքրիկ երգիչները» հանդես եկան Հալլե քաղաքի Մայր տաճարում` կատարելով շարականներ, հայ և օտարազգի հեղինակների ստեղծագործություններ: Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկան ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և երկրամասի Կառավարության մշակույթի պետքարտուղար Գունար Շելենբերգերը: Սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Կարլսռուհե քաղաքի պատմական ամրոցի համերգասրահում տեղի ունեցավ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոսության կողմից կազմակերպված համերգ և պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Միջոցառման շրջանակներում նշվեց նաև պատվավոր հյուպատոսության գործունեության 10-ամյա հոբելյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Կարլսռուհեում ՀՀ պատվո հյուպատոս Գյունտեր Պիլարսկին, Կարլսռուհեի քաղաքապետ Ֆրանկ Մենթրուփը: Դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց պատվո հյուպատոս Պիլարսկիին իր տասնամյա գործունեության ընթացքում Բադեն-Վյուրթենբերգի և Հայաստանի միջև տարբեր բնագավառներում համագործակցությանն աջակցելու, Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար:  Միջոցառմանը հանդես եկան Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ և քաղաքի կոնսերվատորիայի նվագախումբ՝ կատարելով Կոմիտասի, Հովունցի, Հարությունյանի և այլոց ստեղծագործություններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am