Բարոնուհի Քերոլայն Քոքսը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

Armenpress 15:00, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Արցախ ժամանած Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Բարոնուհի Քոքսի 85-րդ այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հատկանշական է այն իմաստով, որ տեղի է ունենում Արցախի անկախ պետականության 25 ամյակի օրերին:

«Արցախը ճանաչելի է դառնում նաև Ձեզանով, քանզի ամեն անգամ Դուք բարեկամների նոր խումբ եք բերում Արցախ: Այդ հանգամանքը շատ կարևոր է, քանի որ Ադրբեջանն անընդհատ փորձում է ապակողմնորոշել միջազգային կառույցներին՝ սուտ և սխալ տեղեկատվություն տարածելով մեր երկրի մասին»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բարոնուհին նշել է, որ ամեն անգամ այցելելով Արցախ՝ նկատում է առաջընթաց և ենթակառուցվածքների զարգացում, ինչն իրեն ոգեշնչում և ոգևորում է:

«Ես ուրախ եմ աշխատել Ձեր և հայկական Սփյուռքի հետ: Պատրաստ եմ շարունակել իմ մասնագիտական և հումանիտար օժանդակությունն Արցախի ժողովրդին և յուրաքանչյուր այցի ընթացքում նոր մարդկանց ծանոթացնել Արցախի իրական պատմությանը»,- նշել է Քերոլայն Քոքսը:

Կողմերը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտում գործող վերականգնողական կենտրոնի գործունեությանը, ապրիլյան պատերազմական գործողություններից հետո փաստերի հավաքագրմանը և մարդասիրական բնույթի այլ թեմաներ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am