Հարկային նոր օրենսգրքով նախատեսվում է շուրջ 1300 կարգավորում
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի կարծիքով՝ Հարկային նոր օրենսգիրքը էական բարելավում է՝ ի համեմատ գործող օրենսգրքի:
«Հարկային նոր օրենսգրքում ներկայացված են բազմաթիվ առաջարկություններ, մոտ 1300 կարգավորում է նախատեսվում: Ցավում եմ, որ հատկապես առաջին ընթերցմամբ քննարկումների ժամանակ Հարկային օրենսգրքի մասին տպավորությունները սահմանափակվեցին միայն եկամտահարկի դրույքաչափերով, ՓՄՁ-ի շեմով եւ շահաբաժինների հարկմամբ: Սրանք հիմնականում քաղաքականության հետ կապված հարցեր են, որոնք մենք վերանայեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով՝ Հարկային նոր օրենսգիրքը ներառում է մի շարք այլ կարգավորիչ դրույթներ, որոնք բիզնեսի դաշտը կդարձնեն ավելի կանխատեսելի, կնվազեցնեն հարկային վարչարարության բեռը եւ կկրճատեն հարկ վճարողների եւ հարկային տեսուչների շփումը:
«Կարծում եմ՝ օրենսգրքի ընդունումից հետո, երբ տնտեսվարող սուբյեկտները, գործարարները հնարավորություն ունենան ծանոթանալու օրենսգրքին եւ դրա կարգավորումներին, կունենանք ոչ բացասական արձագանք»,-եզրափակեց նա:
Սեպտեմբերի 28–ին ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում Վախթանգ Միրումյանը ներկայացրեց Հարկային նոր օրենսգիրքը, որը քվեարկության կդրվի սեպտեմբերի 29-ին: