ՀՀ վարչապետն ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների

Armenpress 19:17, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության և սպառողների շահերը ներկայացնող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Վարչապետը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումների նպատակն է հասկանալ՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, բիզնեսը, սպառողը ՀՀ կառավարությունից, որպեսզի գործադիրը կարողանա ճիշտ արձագանքել և ճիշտ ծրագրեր ներկայացնել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են հանրությանը՝ սպառողներին և արտադրողներին հուզող տարբեր հարցեր: ՀԿ-ների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները, հանդես են եկել առաջարկություններով:

Կարեն Կարապետյանը, կարևորելով համագործակցությունը հասարակական հատվածի հետ, նշել է, որ բարձրացված հարցերն ու ներկայացված առաջարկությունները կուսումնասիրվեն համապատասխան գերատեսչությունների կողմից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am