ՀՀ ԱԻՆ-ը անցկացրել է որոնողափրկարարական թիմի տեղակայման բազայի ծավալման վարժանք-դասընթաց

Armenpress 21:54, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում սեպտեմբերի 28-ին կազմակերպվել է «Քաղաքային որոնողափրկարարական թիմի տեղակայման բազայի ծավալում» թեմայով վարժանք-դասընթաց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Միջոցառման հիմնական նպատակն է ամրապնդել հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անձնակազմի` արտակարգ իրավիճակների ժամանակ տեղակայման բազայի ծավալման գործնական հմտությունները:

Աղետից տուժած երկիր մեկնող փրկարարական ջոկատներն ինքնաբավ են` ապահովված առաջին օրերի համար անհրաժեշտ բոլոր միջոցներով (վրաններ, սնունդ, խմելու ջուր, փրկարարական գույք, վառելանյութ և այլն): Աղետի գոտի հասնելուն պես ջոկատի համար սահմանված վայրում ծավալվում է վրանային ավան, որտեղ տեղակայվում է փրկարարների շտաբը և որտեղից ղեկավարվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Խոշոր աղետի դեպքում մարդասիրական առաքելությամբ արտերկիր մեկնող ԱԻՆ ՓԾ որոնողափրկարարական թիմերն ունեն ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի չափանիշներին համապատասխան որակավորում ու շարունակում են պարբերաբար անցկացվող դասընթացների և ուսումնավարժությունների միջոցով բարձրացնել պատրաստվածության մակարդակը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am