Տարբեր երկրներում կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության թեման ներառելը կարևոր քայլ է. Հայկ Դեմոյան

Armenpress 09:34, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր երկրներում կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության թեման ներառելը կարևոր քայլ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն` անդրադառնալով Հայ Դատի հանձնախմբերի կողմից եվրոպական տարբեր երկրների ուսումնական հաստատությունների կրթական ծրագրում Հայոց ցեղասպանության թեման ներառելու աշխատանքներին:

«Այս հարցի հետ կապված առաջին լուրջ շեշտադրումը եղել է 3-4 տարի առաջ, մի քանի անգամ ես այդ հարցը բարձրաձայնել եմ նաև պետական հանձնաժողովի նիստի ժամանակ: Իհարկե, լոբբիստական աշխատանքը, ինչ-որ փաստաթղթերի ընդունումը նույնպես շատ կարևոր է, բայց եթե մենք ուզում ենք որևէ երկրի հասարակությանը պատրաստել, որ տեղեկություն ունենա, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, ապա պետք է այդ թեման դպրոցական դասագրքերում ներառել: Չգա մի օր, որ ասեն ինչ է հայը, ինչ է Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով, այդ ուղղությամբ ինչ-որ մի շրջանում դրական տեղաշարժ եղավ, սակայն այդ գործընթացը պետք է անընդհատության սկզբունքով արվի: «Օրինակ, մենք, կրթական հանգամանքը կարևորելով, Հոլոքոստի դասագիրք թարգմանեցինք, նաև ուսուցիչների, լրագրողների համար ուղեցույց պատրաստեցինք: Կրթական բաղադրիչը նաև մեր թանգարանի կարևոր սյուներից մեկն է լինելու: Հիմա ուրախալի է, որ կա այն գիտակցությունը, որ մարտավարական առումով կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության թեման ներառելը կարևոր է: Պետք է հասկանալ, որ ամենակարևորն ապագա սերունդներին իրական տեղեկատվություն տալն է, ներկայացնելը, որ 1915 թվականին իրականացվածը ցեղասպանություն է: Ցավոք, այս հանգամանքը տարիներ շարունակ բաց է թողնվել, սակայն ուրախալի է, որ առաջընթաց կա»,-ասաց նա:

Հայկ Դեմոյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության թեման շոշափվում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի տարբեր հաստատությունների կրթական ծրագրերում: Ըստ նրա` զարմանալի է, որ որևէ ռուսական դասագրքում Հայոց ցեղասպանության թեման չկա: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am