Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա են հաճախում շուրջ 40 դպրոցականներ

Armenpress 17:11, 20 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում սովորում են արդեն շուրջ 40 դպրոցականներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։ Լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով և բաց է ինժեներությամբ հետաքրքրվող պատանիների համար: Այստեղ դպրոցականներն ուսումնասիրում են ռոբոտաշինության և ծրագրավորման տարրական հմտություններ:

Ստեփանակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան հիմնվել է ամռանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Ucom ընկերության աջակցությամբ:

ԻՏՁՄ-ի նախաձեռնությամբ ռոբոտաշինության խմբակներ են գործում նաև Շուշիի, Վանքի և Ճարտարի դպրոցներում, որտեղ էլ սովորում են շուրջ 50 դպրոցականներ:

Օրեր առաջ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները Բրազիլիայում անցկացվող WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդաբար իրականացվում է ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am