Սպասվող լրահոս. 21.10.2016
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Սասնա ծռերի գործի շրջանակներում զանգվածային անկարգությունների մեղադրանքով կալանավորված Արեգ Արշակի Սադոյանի և Ռաֆայել Գաբրիելի Կարագյոզյանի դատական նիստը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կազմակերպում է «ՏՄՊՊՀ-գործարար արդյունավետ համագործակցության ընդլայնում» խորագրով քննարկում՝ գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկմանը ներկա կլինեն մեր երկրում օտարերկրյա կապիտալով բիզնես գործունեություն իրականացնող երեք տասնյակ խոշոր ընկերությունների հիմնադիր-սեփականատերեր, որոնք ներկայացնում են գինու, կոնյակի, շինանյութի արտադրության, մանրածախ առևտրի, ավիափոխադրումների, հյուրանոցային բիզնեսի և այլ ոլորտներ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովը կներկայացնի նաև մի քանի ապրանքային շուկաներում կատարված ուսումնասիրության արդյունքները: «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կմեկնարկի ամենամյա «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում արտադրվող սննդի լավագույն ապրանքատեսակները և վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները, ինչպես նաև ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների միջև, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման գործընթացը: Հասարակական, քաղաքական դաշտը քննարկում է կառավարության ներկայացրած նոր ծրագիրը: Ի՞նչ կարևոր շեշտադրումներ կան կառավարության ծրագրում, նախանշված ցուցանիշները որքանո՞վ են իրատեսական: Այս և այլ հարցերին այսօր կանդրադառնան տնտեսագետներ Վարդան Բոստանջյանը, Վիլեն Խաչատրյանը, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը և այլք: Եղանակային ցածր ջերմաստիճանով պայմանավորված Հայաստանում սուր շնչառական վարակների ինչպիսի՞ պատկեր է արձանագրվել:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը կներկայացնի մանրամասներ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Նինա Մակարովային։ Երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև «Կյանքիս մեծագույն սերը» կինոֆիլմի ցուցադրությունը: Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: