Շարմազանովը պատասխանել է Զուրաբյանի քննադատությանը

Armenpress 13:17, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է կառավարության ծրագրի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի քննադատությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ԱԺ փոխխոսնակը նախ անդրադարձավ Զուրաբյանի այն հայտարարությանը, թե կառավարությունը ներկայացրել է կարճաժամկետ ծրագիր, որում չկա երկրի տնտեսության զարգացման հստակ տեսլական: «Իմ տպավորությամբ հարգելի ընդդիմադիր  հռետորը չի կարդացել կառավարության ծրագիրը, կամ նրան սխալ տեղեկություններ են տվել: Կառավարության ծրագիրը երկու փուլից է բաղկացած: Առաջին փուլում կարճաժամկետ քայլերն են, երկրորդում կա ապագայի հստակ, շատ հավակնոտ ռազմավարություն, որի մասին և պարոն վարչապետը խոսեց, և մենք»,- ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի այն հայտարարությանը, թե նոր կառավարության ձևավորումն ընդամենը ՀՀԿ-ին փրկելու քայլ է՝ Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ն փրկելու կարիք չկա: «Այստեղ փրկիչներ չկան, մենք բոլորս օրնիբուն պետք է աշխատենք, որ առաջ գնանք: Եթե ինչ-որ մեկը փրկության կարիք ունի, ապա նա իշխանության մեջ չէ, մի փոքր այլ կողմ նայեք»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am