ՔԱԳՎ-ն չի ստացել Մոսկվայից Գյումրի թռիչքներ իրականացնելու հայտ

Armenpress 17:34, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտ չի ստացել «Պոբեդա» ավիաընկերության կողմից` Մոսկվայից Գյումրի թռիչքներ իրականացնելու հետ կապված: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ՀՀ կառավարությունը նախատեսում է ակտիվացնել Գյումրու Շիրակի օդանավակայանի գործունեությունը` բյուջետային ավիափոխադրողների՝ լոուքոստերների ներգրավման միջոցով: «Երբ արդյունքներ լինեն, դրա մասին բոլորս կիմանանք»,-հավելեց նա:

Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հոկտեմբերի 21-ին տեղեկատվություն էր տարածել, ըստ որի  «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել:

«Պոբեդա» ավիաընկերությունը «Աերոֆլոտ» խմբի փոխադրող է: Այն 58 ուղղություններով չվերթներ է իրականացնում Boeing-737-800 12 ինքնաթիռներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am