ՀՀ դեսպանը Հունաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքները

Armenpress 19:34, 21 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ:

ԱԳ նախարար Կոձիասը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելությունում, ընդգծել է, որ Հայաստանը Հունաստանի բարեկամ երկիրն է, որի հետ փոխշահավետ համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում բոլոր ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Հունաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Իրաքում և Սիրիայում ստեղծված իրադրության համատեքստում զրուցակիցները կարևորեցին խաղաղ հանգուցալուծմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:

ԱԳ նախարարի խնդրանքով ՀՀ դեսպանը մանրամասն ներկայացրեց ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները, դրանց հաղթահարման, ինչպես նաև խաղաղ բանակցային գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am